Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքականություն մտնելու իր հայտարարությունը հայտնիացրել է Ֆեյսբուքով: Փաստը ոչ միայն նոր տեխնոլոգիաներին տիրապետելու նրա հմտությունն է վկայում, այլև՝ լրագրողներին ներկայանալու անպատրաստությունը, այլապես՝ նման դեպքերում հրավիրում են մամլո ասուլիս, անում հայտարարություն ու պատասխանում հարցերի: Սեյրան Օհանյանը գերադասել է շփման այս ձևը, որ նրան հնարավորություն է տալու ավելին չասել, բայց՝ լսել:
Իսկ ֆեյսբուքյան գրառումը վկայում է, որ նա մտադիր է դառնալ շարքային ընդդիմադիր, համենայն դեպս՝ ոչինչ ավելին ասված չէ, քան մինչև ինքը երիցս ու բազմիցս բարձրաձայնել են բոլոր իրական ու կեղծ ընդդիմադիրները: Հարց՝ իսկ ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը ցանկանում նոր ուժ ստեղծել, եթե հանգիստ ու պատվով կարող էր անդամակցել դաշտում գործող քաղաքական ուժերից որևէ մեկին: Որովհետև առջևում ընտրություննե՞ր են: Բայց նա նույնքան հանգիստ ու պատվով կարող էր լինել ընդդիմադիր կուսակցությունների ընտրացուցակի առաջին եռյակում: Եվ շատ մեծ հարց է, թե ընտրություններից երեք ամիս առաջ ստեղծված կուսակցությունը ընտրական ի՞նչ հաջողություն կունենա: Անգամ ԲՀԿ-ն՝ թիկունքում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյան ու կուսակցության նախագահ, ոչ այնքան աղքատ ու անհայտ բարեգործ Գագիկ Ծառուկյան ունենալով՝ ընտրություններից շատ ավելի վաղ ստեղծվեց: ՈՒրեմն՝ կա խնդիր ու առաքելություն: Ո՞րը կարող է լինել այդ առաքելությունը: Ի սկզբանե բացառենք վիրավորված ինքնասիրությանը հագուրդ տալու տարբերակը՝ պատերազմով անցած սպան չի կարող անձնականը դնել իր գործունեության կենտրոնում: Իդեալական կլիներ, եթե Սեյրան Օհանյանը իր ակտիվ ու անշահախնդիր գործունեություն ծավալելու վայր ընտրեր Արցախը: Ի վերջո՝ ԼՂՀ-ում նրա ռազմական փորձի, քաղաքական հեղինակության ու մարդկային ջանքի կարիքն ավելի կա, քան քաղաքականությունից խեղդվող Երևանում: Բայց չգրված օրենք է դարձել՝ բոլոր ղարաբաղցիները Երևանն են ընտրում պաշտոնաթողությունից հետո՝ խոսելով անպարագիծ հայրենասիրությունից:
Ի՞նչ է նա ասում: Որ չի կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումների՞ն: Որ երբ երկրում կառավարման նոր համակարգ են փորձում ձևավորել՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, յուրաքանչյուր կարող ուժ՝ քաղաքացի, քաղաքական կուսակցություն, իրավունք ունի և պարտավոր է իր ներուժը ծառայեցնել այդ զարգացումների՞ն: Լավ, բայց այդքանն ասելուց հետո պարտավոր է իր դիրքորոշումը պարզել այդ փոփոխությունների նկատմամբ՝ պատասխանելով քաղաքական օրակարգի հիմնական հարցերին, ոչ թե թվարկելով ոչինչ չասող ընդհանրական մտադրություններ՝ առաջնորդվել «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման, կտրականապես մերժել քաղաքական գործիչների կարծիքների և տեսակետների ծայրահեղ հակամարտությունը, փոխադարձ թշնամանքն ու ատելությունը, այլակարծությունը քաղաքական հետապնդումների, զրպարտության, հայհոյախոսության թատերաբեմ դարձնելը և այլն, և այլն: Դատելով իր հայտարարությունից՝ Սեյրան Օհանյանը պատրաստվում է քաղաքական դաշտի խաղաղության աղավնի դառնալ: Ինչպես բոլոր ընդդիմադիրները, նա հայտարարում է, որ մեզ սպասում են ոչ թե սովորական ընտրություններ, այլ ընտրություններ, որոնք իրենց կարևորությամբ հավասարազոր են մինչ այժմ տեղի ունեցած նախագահական ընտրություններին, որ խորհրդարանական ընտրության արդյունքում ձևավորվելու է օրենսդիր, գործադիր իշխանությունը: Միակ իրական տեղեկատվությունը՝ Սեյրան Օհանյանը սկսել է խորհրդակցություններ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ, բայց ի՞նչ է նրանց առաջարկում և ի՞նչ է ակնկալում նրանցից: Ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնում: 2017-ի ԱԺ ընտրություններին համախոհների թիմով մասնակցելը, քաղաքական մասնակցության համար առավել արդյունավետ ձևաչափ գտնելը ինքնանպատակ են իսկապես, երբ խնդիր է դրվում Հայաստանում ձևավորել նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ՝ հազար տարի իշխանությունը նոր որակից է խոսում: Բայց ո՞րն է այդ նոր որակի բովանդակությունը: Սեյրան Օհանյանը կամ չի ասում կամ չգիտի՝ ինչ ասել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սեյրան Օհանյանը խոստանում է հետո ասել: Հետո՝ ե՞րբ: Հեշտացնելու համար նրա գործը, մի քանի հարցեր հիշեցնեմ.
1. Համաձա՞յն է ԼՂՀ հարցում մադրիդյան սկզբունքներին, հարցի լուծումը տեսնում է փուլայի՞ն, փաթեթայի՞ն, թե՞ կողմնակից է բանակցությունների հիմքում բոլորովին նոր սկզբունքներ տեսնելուն:
2. Համաձա՞յն է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը, համարո՞ւմ է ԵԱՏՄ-ին անդամակցելը ճիշտ քայլ, իր քաղաքական ուժը կողմնակից է լինելու ԵԱՏՄ հետագա ինտեգրման խորացմա՞նը, թե՞ ԵՄ ասոցացմանը: Գուցե ինչպես գործող կառավարությունը՝ նախընտրում է և/և-ի՞ քաղաքականությունը, այդ դեպքում ի՞նչ տարբերություն նրանց ու իրենց միջև:
3. Ինչպե՞ս է պատկերացնում ՀՀ տնտեսական զարգացումը, համաձա՞յն է մանր ու միջին բիզնեսի զարգացման վարվող քաղաքականությանը, թե՞ նախըտրում է մեծ արդյունաբերության վերականգնումը:
4. Ինչպե՞ս է պատրաստվում լուծել նոր աշխատատեղերի ստեղծման հարցը:
5. Ինչպե՞ս է պատրաստվում լուծել Հայաստան ներդրումներ ներգրավելու հարցը:
6. Ի՞նչ վերաբերմունք ունի կոռուպցիայի դեմ պայքարին:
7. Արտագաղթը ներգաղթի վերածելու ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում:
Հարցերը, իհարկե, այսքանով չեն ավարտվում, բայց սկզբի համար այսքանն էլ հերիք է, եթե պատասխանի գլխավոր հարցին՝ իսկ ո՞վ է ֆինանսավորում իր կուսակցությունը: Կուսակցություն պահելն այսօր թանկ հաճույք է: